23 10 2024

ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս է դարձել` անարգելով կրթական համակարգը․ «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավարը մագիստրոս է դարձել` անարգելով կրթական համակարգը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը օրերս Hark Media TV-ի եթերում հայտարարել էր, որ ՀՀ-ում համատարած անգրագիտություն է տիրում։ Վերջինս իր հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի դպրոցներում մայրենի լեզվի շարադրություններից երեխաների 1/4-ը բացասական գնահատական է ստանում, իսկ մաթեմատիկա առարկայից՝ 2/3-ը։

«Հայաստանի կրթությունը համեմատենք տարածաշրջանի երկրների հետ։ Անցած տարի հետազոտություն է իրականացվել ռեգիոնի բոլոր երկրներում. նույն տարիքի երեխաների տրվել է մայրենի լեզվից շարադրություն եւ մաթեմատիկայից՝ գրավոր աշխատանք։ Հետազոտությունը արվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Թուրքիայում եւ Ռուսաստանում։ Իմ թվարկած երկրներից որտե՞ղ է ամենավատ իրավիճակը գրանցվել… Հայաստանո՛ւմ։ 3-ից 2-ը ստացել է բացասական գնահատական։ Մայրենի լեզվից 4-ից 1-ը ստանում է բացասական գնահատական։ Ավելի ահարկու բան ասեմ. այս պահի դրությամբ Հայաստանի դպրոցահասակ երեխաների 10-ից 1-ը, անցած տարվա տվյալներով, ուղղակի դպրոց չի գնում։ Այսինքն՝ անգրագիտության մակարդակը համատարած է դարձել Հայաստանում», – ասել է Ատոմ Մխիթարյանը։

Կրթության փորձագետը որակել է, որ Հայաստանում համատարած անգրագիտություն է տիրում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, հետ հայացք ձգելով, նկատեց, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը հենց գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանի ղեկավարությամբ, անարգելով կրթական համակարգը, դիպլոմ է ստացել:

Չխոսելով անգամ բացակաների մասին՝ ընդգծենք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հենց իր ենթակայության տակ գտնվող հիմնարկում է ուսումնական պրակտիկան անցել, գնահատական ստացել իր ենթականերից: Սա ի՞նչ է, եթե ոչ անգրագիտության խթանում մագիստրոսական համակարգում:

Այս հարցով դիմեցինք Ատոմ Մխիթարյանին հասկանալու համար՝ ինչո՞ւ է հանդուրժել այդ ամենը։ Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հարցին պատասխանեց. «Դա փաստ չէ, որովհետեւ ես մի անգամ էլ եմ մեկնաբանություն տվել։ Դասերին մասնակցել է եւ ավարտել է ինչ-որ ոչ բարձր գնահատականներով։ Բայց դասերին եթե չմասնակցեր, չէր կարող ավարտել, դա՝ վստահաբար»։

Իսկ պրակտիկան իր ենթակայությամբ, իրենից կախված մարդկանց մոտ անցնելը ի՞նչ է, եթե ոչ անարգանք կրթական համակարգի նկատմամբ:

«Լիսկան» կնախանձեր թերեւս»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ